Մուրացան՝ Պատմվածքներ | |
— Ինձի լսեիք նե, Փարիզ կղրկեիք, — մեջ մտավ պարոն Դեմուրջյանը, — վասնզի հոն...
— Ո՛չ, ո՛չ, Լայպցիգ ղրկենք. այդ քաղաքը նշանավոր է իր երաժշտական դպրոցով, — ընդհատեց պոլսեցուն մի ուրիշ երիտասարդ:
Իսկ մի հաղթանդամ կապալառու, որ մի անգամ կարդացել էր «Բազմավեպի» մեջ Եվդոկիա քաղաքի նկարագրությունը, մի գլուխ գոչում էր՝ «Եվդոկիա ղրկենք, Եվդոկիա, պարոն սեղանապետ »:
Պարոն Դեմուրջյանը, որ լավ ծանոթ էր Եվդոկիային, խիստ բարկացավ կապալառուի վրա և առաջ նետվելով գոչեց. «Պարո՛ն, ինչու՞ այդ աստիճան տգետ եք, չգիտեք, որ Եվդոկիայում քոնսերվատոր չկա ու հոն պղինձ շինելեն զատ ուրիշ ոչինչ չգիտեն»:
— Վնաս չունի, կարելի է, կարելի է, — անտարբերությամբ կրկնում էր հաղթանդամ կապալառուն:
Սեղանապետը տեսնելով, որ խոսողները շատացան, հրամայեց, որ բոլորն էլ լռեն: «Ես ինքս կկարգագրեմ, ուր որ ղրկելու է. միայն թե դուք ձեր ստորագրած փողերը վաղվանից սկսեցեք վճարել», — ավելացրեց նա:
— Շատ լավ, շատ լավ, դուք կարգադրեցեք, — կրկնեցին ամեն կողմից հրավիրյալները: Եվ սեղանապետը շնորհակալություն հայտնելով նրանց՝ շարունակեց կենացների ընդհատված գործը:
Այժմ Գևորգի բարեկամները շատացան: Երիտասարդ, հասակավոր, ուսումնական, վաճառական, բոլորն էլ խնդակցում էին նորան, սեղմում էին նորա կոշտ ձեռքերը, հետաքրքրվում էին նորա անցյալով և ներկա դրությամբ: Մինչև անգամ Գևորգին Եվդոկիա ղրկելու համար խորհուրդ տվող կապալառուն խոստացավ յուր աղջիկը տալ նորան, երբ նա Եվդոկիայից ուսումն ավարտած կվերադառնար: Իսկ հայոց թատրոնին ծառայող մի հին դերասան շշնջում էր Գևորգի ականջին, «Գիտե՞ս, պարոն, եթե ես այստեղ չլինեի, դու այդպես մեծ ընդունելություն չէիր գտնիլ: Ես ինքս առաջին անգամ ճառախոս բժշկին խորհուրդ տվի հրավիրյալների ուշադրությունը դարձնել քեզ վրա և ստորագրություն բանալ քեզ երաժշտական դպրոցը ղրկելու համար»:
Գևորգը բոլորովին զգացվել և ուրախությունից շփոթվել էր, նա չգիտեր, որի՞ն արդյոք պատասխաներ, և ճարահատյալ գլուխ էր իջեցնում աջ ու ձախ ի նշան շնորհակալության: Վերջապես ճառախոս բժիշկը մոտեցավ նորան և պատվիրեց, որ հենց վաղվանից թողնե յուր պաշտոնը Գուստավի գործարանում և ապա ներկայանա պարոն Տանպետյանցին, որը նույնպես յուր կողմից հարկավոր հոգացողությունները վաղվանից կանե՝ նորան Պետերբուրգ ղրկելու համար:
Գևորգը խոնարհությամբ գլուխ տվավ և խոստացավ, բժիշկի պատվերի համաձայն, վաղվանից թողնել յուր պաշտոնը Գուստավի գործարանում:
Առավոտյան չորս ժամին Սոմարյանցի տան մեջ ընթրիքը և հրավիրյալների ուրախությունները վերջացան: Հյուրերից յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը, նոցա հետ էլ երգիչ Գևորգը:
Առավոտյան շատ վաղ Թամարը զարթելով որդու անկողինը պարապ գտավ: Այդ բանն առաջին անգամ նորան չանհանգստացրեց, որովհետև Գևորգը սովորություն ուներ շատ անգամ դեռ լուսաբացին տանից դուրս գալու: Նա գնում էր Քուռի ափին լվացվելու և ապա մոտակա այգիները պտտում էր, մինչև Գուստավի գործարանում աշխատանքը կսկսվեր: Բայց մի փոքր հետո Թամարը նկատեց, որ երեկոյան յուր ձևռքռվ պատրաստած անկողնին գրեթե ձեռք դիպած չէր: Եթե Գևորգը այստեղ քնած լիներ, նա ամեն ավուր պես խառն ու անկարգ դրության մեջ կլիներ: Թամարն սկսեց անհանգստանալ. նա շտապավ անկողնից ելնելով հագնվեցավ և դուրս թռավ բակը:
Բակի դուռը նույնպես բաց էր: «Անպատճառ երեխաս մի չարիք է բերել յուր գլխին, նա երեկոյան տխուր էր», — շշնջաց ինքն իրեն Թամարը, նա պատրաստվում էր փողոց դուրս գալու և ահա բակը մտավ Գևորգը: Նա ուրախությունից բոլորովին այլայլվել էր:
— Ո՞րտեղ էիր, որդի՛, ի՞նչ է պատահել քեզ, ինչու՞ այդպես այլայլված ես... — իրար ետևից հարցնում էր մայրը:
— Այս րոպեիս կասեմ, մայրիկ, դու տուն արի: — Այս ասելով նա մոր ձեռքից բռնած շտապեց դեպի տուն:
Երբ նոքա ներս մտան, Գևորգը գրկեց մորը և բացականչեց.
— Ուրախացի՛ր, մայրիկ, ուրախացի՛ր, մենք բախտավոր ենք...
— Բայց ի՞նչ է պատահել քեզ, որդի, ես ոչինչ չեմ հասկանում, — անհանգստությամբ ընդհատեց նորան մայրը:
— Այս րոպեիս, մայրիկ, այս րոպեիս, կպատմեմ քեզ բոլորը, և դու կտեսնես, որ մենք բախտավորվել ենք:
Այս ասելով Գևորգը նստեց մահճակալի ծայրին և մի փոքր շունչ առնելուց ետ, սկսեց պատմել բոլորը, ինչ որ երեկ երեկոյանից մինչև այն րոպեն անցել էր յուր գլխով:
Այսպես նա պատմեց Սոմարյանցի տանից յուր հրավիրվելը, նրա պատվարժան հյուրերի առաջ երգելը, յուր գտած ընդունելությունը, հյուրերի յուր մասին խոսածները, վերջապես, իրեն Պետերբուրգ ղրկելու համար ստորագրությամբ փող ժողովելը և այլն, և այլն:
Թամարը մնացել էր ապշած, նա չէր կարողանում յուր ականջներին հավատալ: «Սոմարյա՞նց և դարբին Ղազարի որդին. իմ Գևորգը, և Պետերբուրգ: ոչինչ չեմ հասկանում...», — շշնջում էր ինքն իրեն խեղճ կինը: Բայց երբ Գևորգը սկսեց նորան հավատացնել, որ յուր բոլոր պատմածները ճիշտ է և ադ պատճառով էլ ինքն այս գիշեր տանը չէ քնել, որի ապացույցը յուր անձեռնամուխ անկողինն է, Թամարը սկսեց ուրախությունից լալ: Նա գրկեց որդուն, սեղմեց յուր կրծքին և երկար համբուրում էր նրան:
Երբ մոր և որդու հուզմունքը մի փոքր մեղմացավ, Թամարը հարցրեց. — «Այժմ ի՞նչ ես կամենում անել, որդի»:
— Ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ Գուստավի մոտ և հայտնեմ նրան, որ թողնում եմ յուր գործարանը:
— Բայց մի՞թե այդպես շտապավ:
— Իհարկե, մայրիկ: Պարոն բժիշկն ինձ պատվիրեց, որ այսօր անպատճառ թողնեմ իմ այդ կեղտոտ արհեստը և պատրաստվեմ Պետերբուրգ գնալու համար: Պատրաստվելու համար էլ քիչ ժամանակ չէ հարկավոր:
— Բայց թե քո պաշտոնը այդտեղ թողնես և հետո քեզ չուղարկե՞ն, այն ժամանակ ի՞նչ կլինի մեր ճարը, Գուստավն էլ քեզ չի ընդունիլ...
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, ի՞նչ միամիտ ես, մայրիկ, — լիքը բերանով ծիծաղեց Գևորգը, — Սոմարյանցին, Տանպետյանցին կամ թե նոցա մյուս պատվավոր հյուրերին, դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի՞: Հիանալի է, հիանալի, հա՛, հա՛, հա՛, հա՛, — և ուրախ ձայնով կրկին Գևորգն սկսավ կարկաչել;
— Ինչու՞ համար ես ծիծաղում, որդի: Մի՞թե չէ կարող պատահել, որ այսօր քեզ խոստանան և վաղը չկատարեն:
— Է՛, է՛, սիրելի մայրիկ, շատ միամիտ ես: Դու մեծ մարզիկներին չես ճանաչում. նոցա տված խոսքն ու գլուխը մեկ է: Վերջապես ինչպե՞ս կարող են չկատարել. կատարել տվողը փողը չէ՞: Փողն արդեն պատրաստ է, ուրեմն իմ Պետերբուրգ գնալս էլ վերջացած գործ է:
— Աստված տա, որ այդպես լինի, որդի: Միայն թե պիտի գիտենաս, որ Գուստավի գործարանը թողնելը հեշտ է. ոչ ոք զոռով քեզ չի կարող կապել նորա հետ: Ավելի լավ է առայժմ շարունակես գնալ քո առաջվան գործին, և երբ այդ քո բարերարներն ամեն բան կկարգադրեն ու կպատրաստեն, այն ժամանակ կթողնես Գուստավի գործարանը և ուղղակի կճանապարհվես Պետերբուրգ:
— Սխալվում ես, մայրիկ: Ես խոսք եմ տվել պարոն բժշկին, և եթե հենց այսօրվանից չթողնեմ իմ պաշտոնը, նա ինձ վերա վատ գաղափար կկազմե: Նա մինչև անգամ իմ Պետերբուրգ գնալուն էլ արգելք կդառնա:
— Դու գիտես, որդի: Ինքդ չափահաս տղա ես. ես չպետք է քեզ խելք սովորեցնեմ: Եթե գիտես, որ հաստատ քեզ տերություն պիտի անեն այդ մարդիկը և եթե դու վստահ ես նրանց վրա, կատարիր քո տված խոսքը և հենց այսօրվանից թողիր պաշտոնդ: Իսկ եթե մի փոքր կասկածելի տեղ ունես, իզուր մի դժբախտացնիր քեզ և քեզ հետ էլ քո մորը: Աչքիս մեջ մազ է բուսել, մինչև որ քեզ այդ հասակին եմ հասցրել և մի արհեստի տիրացրել: Այնպես չանես, որ կրկին ինձ ստիպես լվացարանում աշխատելու: Արդեն ուժից ընկել եմ ես, և դու պետք է այսուհետև հոգաս ինձ և քո ապագայիդ համար:
— Միամիտ կաց, սիրելի մայրիկ, ես պետք է մեռնեմ, որ դու կրկին լվացարան գնաս, բայց քանի որ կենդանի եմ, այդ բանը քեզ հետ չի պատահիլ:
Իսկ ինչ կվերաբերի իմ բարերարների վրա վստահ լինելուն, ես շատ եմ վստահ: Եթե դու ինքդ լինեիր Սոմարյանցի տանը և տեսնեիր, թե ինչե՞ր էին անում ինձ համար այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեիր, որ թողնեմ իմ պաշտոնը: Վերջապես այդ մարդիկն ինձ իրենց որդեգիին են ընդունել: Մի՞թե մի ամբողջ հասարակություն չի կարողանալ մի որդեգիր պահել:
— Դու գիտես, որդի, ես էլ ոչինչ ընդդիմանալու չունեմ, երբ դու ինքդ վստահ ես այդ մարդկանց վրա, ես ի՞նչ կարող եմ ասել, դու խո քո թշնամին չես:
Արա՛, ինչպես կամենում ես:
— Ուրեմն հենց այս րոպեից կերթամ Գուստավին հայտնելու, որ թողնում եմ ծառայությունս:
— Ո՛չ դեռ քնիր մի փոքր, հանգստացիր, և հետո կերթաս: Անքնությունդ քեզ կարող է հիվանդացնել:
Գևորգը չընդդիմացավ: Նա հանվեցավ պառկեց և չնայելով որ չափից դուրս ուրախ էր, այսուամևնայնիվ, քունը շուտով ծանրացավ նորա արտևանունքների վերա:
Կես օրը արդեն անցել էր, երբ Գևորգը զարթեցավ:
— Ա՛խ, մայրիկ, ինչու՞ համար ինձ ժամանակին չզարթեցրիր, ես ուշացա, — տրտնջաց Գևորգը և ցատկելով անկողնից սկսավ շտապ-շտապ հագուստները հագնել:
— Չես ուշացել, որդի. Գուստավին մինչև երեկո կարող ես՞ տեսել, — հանգստացրեց նրան մայրը:
— Գուստավը չէ իմ ցավը: Պարոն Տանպետյանցին և բժշկին պիտի տեսնեի:
— Իզուր է, մի՞ շտապիր: Այդ մարդիկն ամբողջ գիշերը քեֆ են արել, նրանք աղքատների պես չեն ապրում, ամբողջ օրը քնում կլինեն:
— Ճշմարի՞տ ես ասում, մայրիկ:
— Իհարկե, որդի, նրանք դեռ քնած կլինեն: Մինչև անգամ հարմար էլ չէ, որ հենց այսօր գնաս այդ մարդկանց մոտ և նրանց անհանգստացնես:
— Ինչպե՞ս թե հարմար չէ, բայց ե՞րբ պիտի գնամ:
— Վաղը: Այդ ավելի քաղաքավարություն կլինի քո կողմից.
— Ճշմարիտ որ այդպես է, մայրիկ. Իսկույն ևեթ այդ մարդկանց անհանգստացնելը լավ չէ: Ուրեմն վաղը կերթամ նրանց մոտ: Իսկ այժմ կշտապեմ Գուստավի գործարանը, այնպես չէ՞:
— Բայց էլի մի բան եմ ուզում հարցնել քեզ, որդի, — խոսեց Թամարը երկչոտ ձայնով:
— Ի՞նչ բան, ի՞նչ բան, — շտապով ընդհատեց նրան Գևորգը:
— Ուզում էի հարցնել, թե՝ արդյոք դու լավ վստա՞հ ես այդ մարդկանց վերա, և համոզվա՞ծ ես, որ նրանք քեզ չեն խաբիլ:
— Վստահ եմ, վստահ եմ, մայրիկ. բնավ մի կասկածիր:
— Տե՛ս, չզղջաս: Գուստավի գործարանը մի անգամ թողնելուց ետ, երկրորդ անգամ դու նրան դիմել չես կարող:
— Չէ՛, մայրիկ, չեմ զղջալ, միամիտ եղիր: — Այս ասելով Գևորգը վեր առավ յուր ջարդված գդակը և դուրս գնաց:
Այսուամենայնիվ Թամարն ուրախ չէր: Մի տխուր մտածմունք, որը նա իրենից հեռացնել չէր կարողանում, անհանգստացնում էր նրան: Նա հավատացած էր, որ Գևորգը մի սխալմունք է գործում Գուստավի գործարանը թողնելով, բայց և այնպես նա նրան արգելք դնել չէր կարող, որովհետև Գևորգն էլ պակաս չէր հավատում յուր բարերարների արած խոստմունքներին:
Փողոցը դուրս գալով՝ Գևորգը բոլորովին ուրիշ տրամադրության մեջ մտավ: Նա գնում էր Գուստավի մոտ յուր ծառայությունը թողնելու, այդ արդեն վճռված էր: Ուստի նա ուրախ էր և այդ ուրախությունը կարծես թևեր էր տալիս նորա ոտքերին: Ուրիշ ժամանակ գուցե մի այդպիսի դեպք, որպիսին էր նրան Պետերբուրգ ղրկելը, գուցե շատ դժվարությամբ հեռացներ նրան Գուստավի գործարանից, որովհետև նա պետք է հեռանար Շառլոտայից, բայց այժմ նա ուրախ է: Ինչո՞ւ համար, պատճառը շատ պարզ է: Նա վիրավորված է: Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե՞ Գուստավի և թե՞ նրա աղջկանից:
Գուստավի ամբողջ գործարանը, դրա հետ էլ միասին նրա բոլոր ընտանիքը մինչև այսօր Գևորգին ճանաչել էին ինչպես մի հասարակ գործավոր, մի մշակ և դորա համեմատ էլ վարվել էին նրա հետ: Բայց նա մի հասարակ մշակ չէր, նա... բայց թողնենք, որ ինքը խոսի յուր համար: «Այո՞, ես մի հասարակ բանվոր չեմ, — մտածում էր Գևորգը, արագ արագ յուր քայլերը փոխելով, — ես ունեմ արժանավորություններ, ես բարձր եմ Գուստավի բոլոր գործավորներից մի ամբողջ գլխով: Եվ այդ բանը ես չեմ ասողը: Սոմարյանցի պատվարժան հյուրերի կարծիքն է սա: Ես տեսա, թե ինչպես զարմացան նոքա, երբ ես հայտնեցի, թե մի փականագործի մոտ եմ ծառայում: Այդ խելոք մարդիկները իսկույն ճանաչեցին իմ արժանիքը և ափսոսացին: Ես տաղանդ ունիմ, ես ձիրքեր ունիմ. այդ բանը Սոմարյանցի բոլոր հյուրերն էլ վկայում էին, ինչու՞, ուրեմն, անհայտության մեջ թաղել այլ հարստությունը: Ճշմարիտ է, ես իմ արժանիքը մինչև այսօր չեմ ճանաչել, բայց ես մեղավոր չէի: Ես մեղավոր կլինեմ, արդարև, թե այսօրվանից հետո դարձյալ նույն հիմարը մնամ, եթե ես Գուստավի գործարանում կորաքամակ երկաթ ծեծեմ, ճախարակ պտտեցնեմ և թույլ տամ, որ օրիորդ Շառլոտան երկաթե վանդակները շալակել տա ինձ ինչպես գրաստի...Իսկ քեզ հետ, հարգելի օրիորդ, իմ հաշիվը հետո կվերջացնեմ, — տաքացած շարունակում էր Գևորգը: — Ես քեզ սիրում էի, ես քեզ համար մտածում էի, իսկ դու արհամարհեցի՞ր ինձ: Հոգ չէ: Մենք մի օր կտեսնվինք միմյանց հետ: Այդ օրը ես աղքատ հագուստներում չեմ լինի և ոչ էլ ջարդված գդակով: Այդ օրը դու գուցե կմեկնես ինձ քո ձեռը, իսկ ես արհամարհանքով շուռ կտամ իմ երեսը: Իսկ դուք, ողորմելի հիմարներ, — ինքն իրեն դառնում էր Գևորգը յուր ընկեր բանվորներին, — դուք, որ առիթ չէիք փախցնում ինձ ծաղրելու և չարչարելու համար, դուք միշտ էլ այդպես ողորմելի կմնաք, պատռտած հագուստով և մրոտած երեսով: Եվ այն ժամանակ, երբ ես մի նշանավոր երգչի համբավ կվայելեմ, երբ ամենայն տեղ ժողովուրդն ինձ ծափահարություններով կդիմավորե, երբ ես հարուստ, բախտավոր կլինեմ, այն ժամանակ էլ դեռ դուք երկաթ կծեծեք, և պողպատ կսղոցեք...»:
Այս մտածմունքներով Գևորգը շարունակում էր յուր ճանապարհը: Վերջապես նա հասավ Գուստավի գործարանին. — «Այժմ, երբ ինձ Գուստավը տեսնե, դեմքը պիտի խոժոռե, իսկ իմ ընկերակիցներն անշուշտ կսկսեն հաչել, թե ինչու՞ համար եմ ուշացել»: Ինքն իրեն խոսում էր Գևորգը գործարանի բակը մտնելով: — «Բայց ինչպես պիտի զարմանան, — շարունակում էր նա, — երբ ես հայտնեմ նրանց, թե թողնում եմ ծառայությունս: Եվ այն ժամանակ թող Շառլոտան ու յուր հայրը կարծեն, թե հենց երեկվա ինձ հասցրած վիրավորանքի համար եմ թողնում իմ ծառայությունը. Այդ ավելի կտանջե նրանց»:
Գևորգը դեռ չէր հասել գործարանի դռանը, և ահա ծերունի Գուստավը դիմավորեց նրան. բահը ուսին դրած նա գալիս էր պարտիզից: Բայց նա յուր դեմքը չխոժոռեց, ինչպես Գևորգը գուշակել էր: Ընդհակառակը, շատ բարեսրտությամբ խոսեց նրա հետ:
— Գևորգ, դու շատ ես ուշացել: Տեսնում ես, ծեր մարդ, վաղ առավոտվանից սկսած բանում եմ պարտիզի մեջ, իսկ դու կես օրը անցկացրել ես և հետո ես գալիս: Երիտասարդ մարդը ծերից ավելի պիտի գործ շինե, իսկ դու ընդհակառակն ես անում, մի՞թե այդ լավ է:
— Ես ուշացա նրա համար, պարոն Գուստավ, որ այսօրվանից վճռեցի թողնել իմ ծառայությունը ձեզ մոտ:
— Ինչպե՞ս թե վճռեցիք թողնել ձեր ծառայությունը, — զարմացմամբ հարցրեց Գուստավը:
— Այնպես էլի. վճռեցի, որ այսուհետև այլևս փականագործությամբ չպարապեմ:
— Դուք կատա՞կ եք անում:
— Բնավ, շատ լրջությամբ եմ խոսում:
— Ուրեմն գործարանատերերից մեկը ձեզ ավելի ռոճիկ է խոստացել հա՞, — հարցրեց Գուստավը, ձեռքի բահը տան պատի վերա հենելով:
— Ոչ, պարոն Գուստավ: Ինձ ո՛չ ոք գործարանատերերից ոչինչ չէ խոստացել, այլ երեկվանից ես վճռեցի, որ ձեզ մոտ այլևս չծառայեմ:
— Ինչո՞ւ համար անպատճառ երեկվանից:
— Անշուշտ նրա համար, որ երեկ վանդակներն իրեն շալակել տվինք, — այս խոսքերով իջավ սանդուղքից Շառլոտան, որ մինչև այդ պատշգամբի վերա կանգնած լսում էր յուր հոր և Գևորգի խոսակցությունը:
Գևորգը Շառլոտային տեսնելուց մի տեսակ վրդովմունք զգաց սրտի մեջ և մի քանի քայլ անզգայաբար ետ քաշվեցավ: Օրիորդը կանգնեց Գևորգի հանդեպ:
— Ճշմարի՞տ, որ դուք թողնում եք մեր գործարանը, — հարցրեց նրանից Շառլոտան յուր խելոք և գեղեցիկ հայացքը սևեռելով Գևորգի վերա:
— Այո՞... ես արդեն հայտնեցի պարոն Գուստավին:
— Եվ պատճառն այն էր, որ մենք վանդակները երեկ ձեզ հանձնեցինք տանելու, այնպես չէ՞ :
Գևորգը ոչինչ չպատասխանեց:
— Կարծում եմ մեղավորը ես էի: Եթե ես ներողություն խնդրեմ խո կմնա՞ք մեզ մոտ, — հարցրեց նորեն Շառլոտան:
— Ինչներուդ եմ ես պետք, օրիորդ, դուք արդեն ինձանից լավ շատ գործավորներ ունեք:
— Բայց ես կկամենայի, որ դուք անպատճառ մնայիք ինձ մոտ, դուք կարող էիք առաջ գնալ, — ասաց նրան Գուստավը:
— Նույնը ես էի ուզում ասել, Գևորգ: Դուք իզուր եք ձեր երկու տարվա աշխատանքը կորցնում, դուք գուցե կզղջաք, — ավելացրեց Շառլոտան:
— Մեծապես շնորհակալ եմ ձեր բարերարությունից, բայց ինչ որ լինի, ես պետք է անպատճառ թողնեմ իմ ծառայությունը: Այդ արդեն վճռված գործ է:
— Եթե ես ավելացնեմ ձեր ռոճիկը, կմնա՞ք ինձ մոտ, — հարցրեց Գուստավը:
— Ո՞ չ չեմ կարող:
— Հետո ինչո՞վ պիտի պարապեք…
— Ա՛խ, հայրիկ, ինչու՞ համար ավելորդ հարցեր եք անում դրան, — բարկացած ընդհատեց հորը Շառլոտան, — եթե չէ կամենում մնալ մեզ մոտ, թո՛ղ չմնա, մենք հո չպետք է աղաչենք նրան: Յուր հաշիվը վերջացրեք և հետո` բարի ճանապարհ, ուր կամենում է, թող գնա: — Այս ասելով Շառլոտան բարձրացավ սանդուղքի վերա և մտավ տուն:
Օրիորդի այդ տեսակ վարմունքն ավելի խորը վիրավորեց Գևորգի սիրտը: Նա թեպետ վճռել էր թողնել Գուստավի գործարանը, բայց Շառլոտայի երևալը կարծես թե կոտրել էր յուր կամքի հաստատությունը, յուր տված պատասխանները շինծու էին, նա իսկույն կհաղթահարվեր Շառլոտայից, եթե նա շարունակեր յուր մեղմ և անուշ խոսակցությունը: Բայց Գևորգի բախտը բանեց.
Շառլոտան արհամարհանքով վերաբերվեց դեպի նրան, վիրավորեց նրա ինքնասիրությունը, այժմ ավելի հեշտ կլինի նրա համար Գուստավից հեռանալը, այժմ առանց զղջալու կթողնե Շառլոտային...
Ուրեմն մնաք բարով, պարոն Գուստավ, — դարձավ դեպի «
— րան Գևորգը Շառլոտայի հեռանալուց հետո և խորը գլուխ տալով, կամենում էր հեռանալ:
— Սպասեց՛եք, դեռ պետք է ձեր հաշիվը վերջացնեմ, — այս ասելով Գուստավը հանեց գրպանից քսակը և քսան ռուբլ համարելով առաջարկեց Գևորգին, — տասը ռուբլին ձեր այս ամսվա վարձից ձեզ հասանելիքն է, — ասաց նրան, — իսկ տասը ռուբլին ես ձեզ նվեր եմ տալիս, վերցրեք:
— Դուք ինձ տվեք միայն իմ վարձը, իսկ նվերը... կարծեմ ես նրան արժանի չեմ…
— Վերցրեք, — ընդհատեց նրան Գուստավը, — դուք արժանի եք վարձատրվելու, ցավալի է միայն, որ թողնում եք ձեր պաշտոնը, դուք շնորհալի տղա եք, դուք կարող էիք առաջ գնալ, բայց ձեզ սխալեցրել են:
— Ինձ ոչ ոք չէ սխալեցրել, ես ավելի առաջ գնալու համար եմ թողնում իմ պաշտոնը:
— Աստված տա, որ սխալված չլինեք, բարի ճանապարհ, — այս ասելով Գուստավը փողերը տվավ Գևորգին, հեռացավ:
Գևորգը խորը գլուխ տալով ուղղվեցավ դեպի բակի դուռը:
— Գևորգ, Գևորգ, դո՞ւրս ես գնում, անպիտան, եկ մի մնաք բարով էլ է ասա մեզ, է՛, — գոչեցին մի քանի հոգի գործարանի բանվորներից, որոնք մինչև այն հեռվից ականջ էին դնում նրա ու Գուստավի խոսակցությանը: Գևորգն իսկույն զգաց յուր սխալը և դարձավ բանվորների մոտ: Նոքա գործերը թողնելով շրջապատեցին նրան:
Տո, ո՞ւր ես կորչում, — հարցնում էր մեկը:
— Ժաքոյի գործարանն ես գնո՞ւմ, հա՞, — հարցնում էր մի ուրիշը:
Կարելի է նորից գիմնազիա՞ է մտնում, ո՞վ գիտե, — ավելացնում է մի երրորդը:
— Տո ձեր ինչի՞ն է հարկավոր, ուր որ գնում եմ, այդ իմ գործն է, կանչել եք, որ մնաք բարև ասեմ ձեզ, ահա՛ ասում եմ՝ մնա՛ք բարև: — Այս ասելով Գևորգը կամեցավ հեռանալ: Բայց մի վրացի երիտասարդ բռնեց նրան և հարցրեց.
— Ճշմարիտն ասա, փո՞ղ ես գտել, որ դուրս ես գալիս:
— Ի՞նչ հիմարն ես, — վրա բերավ մի ռուս գործավոր, — չե՞ս իմանում, որ հայը գործից դուրս կգա միմիայն տերտեր դառնալու համար:
— Ինչպես և ռուսն ազատ արբելու համար, — ավելացրեց մի հայ երիտասարդ:
— Ներեցեք, ես ժամանակ չունեմ, ես գնում եմ, մնաք բարյավ: — Ասաց Գևորգը և շտապով հեռացավ:
Գործավորներից մի քանիսն աշխատեցին նրան բռնել դարձյալ իրենց վայրախոսությունները շարունակելու համար, բայց նա ճարպկությամբ դուրս պրծավ նրանց ձեռքից և բակի դռնից փախավ:
Զ
Գևորգը թեպետ կարծում էր, որ յուր հեռանալով մեծ կսկիծ ու վնաս պատճառեց Գուստավին և նրա դստերը, և նա այս անվանում էր մի վրեժխնդրություն յուր ստացած վիրավորանքի համար, բայց, իսկապես, նոցանից և ոչ մեկը ոչինչ չէր կորցրել այդ դեպքում: Գուստավի համար բանվորները պակաս չէին: Նա ափսոսաց միայն, որ այդ երիտասարդը յուր անմիտ վարմունքով վնասեց յուր ապագային, իսկ Շառլոտան, որ առաջ համակրում էր նրան իբրև մի համեստ և շնորհալի տղայի, այժմ փոխեց նրա մասին ունեցած կարծիքը և արհամարհեց նրա, մինչև այն օրն իրեն անհայտ, համառ բնավորությունը: Սրանով էլ վերջացավ Գևորգի՝ պարոն Գուստավի գործարանի հետ ունեցած հարաբերության բոլոր պատմությունը:
Այսուամենայնիվ, Գևորգը շտապում էր դեպի տուն այնպիսի ուրախությամբ, որ կարծես մի փառավոր հաղթությունից էր վերադառնում: Նա այժմ ազատ մարդ էր: Նա բանվոր չէր: Նրա առաջ բացվում էր նոր բախտ, երջանկության նոր աշխարհ: 4500 ռուբլի. Պետերբուրգ. երաժշտական դպրոց. սրանք այնպիսի բաներ էին, որ բոլոր երիտասարդներին կգժվեցնեին: Իհարկե, ես դեռ չեմ հիշում այն բախտավոր ժամանակը, երբ Գևորգը յուր ուսումը վերջացրած, պատվավոր դիպլոմով կթողնե Պետերբուրգի երաժշտական դպրոցը, երբ նա կտա յուր առաջին նվագահանդեսը և կհիացնե ժողովրդին. երբ հազարները, իբրև խոնարհ ծառա, միմյանց ետևից կգան կդարսվեն նրա գրպանում, երբ... բայց ո՞ր մեկը հիշել: Մի՞թե բոլորիդ էլ հայտնի չէ, թե երբ բախտը ժպտում է մեկին յուր գեղեցիկ շրթունքներով և ավելի ևս գեղեցիկ աչքերով, ի՛ նչ նախանձելի բարձրության է հասնում նա:
Տուն հասնելով Գևորգը պատմեց մորը Գուստավի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասնաթյունները, բայց չկարողացավ գովությամբ չհիշատակել Գուստավի ազնիվ վարմունքը յուր հաշիվը վերջացնելու վերաբերությամբ:
— Նա միշտ բարի է եղել դեպի քեզ, որդի, դու էիր անշնորհակալը, որ իզուր տեղը թողեցիր քո պաշտոնը... — նկատեց նրան մայրը:
— Մի՛ խոսիր, մայրիկ, մի՛ խոսիր այլևս Գուստավի մասին, — շուտով ընդհատեց նրան Գևորգը, — այժմ ամեն բան վերջացած է և պետք է մտածեի թե ի՞նչ պատրաստությամբ պետք է ներկայանամ իմ բարեկամներին:
Թամարը լռեց:
— Այս կեղտոտ հագուստներով, իհարկե, չի կարելի այդ պատվավոր մարդկանց մոտ գնալ, — շարունակեց Գևորգը, — պետք է մի ձեռք նոր հագուստ գնել:
— Արա՞, ինչ կամենում ես, որդի, այդ քո գիտենալու գործն է: Ես քեզ չեմ խանգարում:
— Շատ լավ, սիրելի մայրիկ, այժմ դու վեր կաց իմ պահած քսան ռուբլուց դարձյալ տասը բեր ինձ, որ մոտս ունեցածի հետ դառնա երեսուն, և ես կշտապեմ, քանի որ խանութները չեն կողպել, մի ձեռք հագուստ կգնեմ, վաղն ուշ կլինի:
Թամարը վեր կացավ տեղից, բացավ սնդուկը և յուր որդու խնայողություններից գոյացած բոլոր հարստության, կեսը՝ տասը ռուբլին, բերավ և տվավ նրան:
— Երկու ժամից ետ ես կվերադառնամ, — ասաց Գևորգը և փողը գրպանը դնելով դուրս պրծավ:
Կարճ միջոցի մեջ նա հանդիպեց բոլոր հագուստ վաճառողների խանութները:
«Լավը, գեղեցիկը և աժանը», — կրկնում էր նա ամեն տեղ, բայց և ոչ մի տեղ այդ երեք հատկություններով հագուստ չէր գտնվում:
Ինչպես հայտնի է, դեռ մինչև այսօր աղքատի այդ երեք համառոտ պահանջները` «լավը, գեղեցիկը և աժանը» ոչ մի դերձակ կամ հագուստներ վաճառող չէ գոհացրել: Բայց ի մեծ զարմացումն բոլորիդ, պիտի ասեմ, որ մի անմորուս հրեա այդ բավականությունը տվեց Գևորգին: Մի րեդինգոտ, մի ժիլետ և մի վարտիք, շատ լավը, շատ գեղեցիկը և շատ աժանը նա յուր պահեստում գտավ Գևորգի համար, և միայն նրա համար: Գևորգը վճարեց քսան և հինգ ռուբլին և նոր հագուստների սեփականատեր դարձավ: Հենց դպրոցի խանութում էլ նա գնեց մի նոր գլխարկ: Այժմ ամեն բան պատրաստ էր: Տուն վերադառնալով՝ Գևորգը յուր սրբազան պարտքը համարեց յուր նոր հագուստները հագնել և մի լավ դիտել յուր շնորհքը նոր սեփականության մեջ:
— Ի՞նչ սիրուն սազ է գալիս քեզ այդ տեսակ հագուստը, Գևորգ, — հիացմունքով բացականչեց Թամարը սենյակը մտնելով:
— Իրա՞վ, մայրիկ:
— Այո՞ , շատ սազ է գալիս: Կարծես հենց քեզ վրա ձևած է եղել:
— Գեղեցիկ է կարված, այնպես չէ՞:
— Շատ գեղեցիկ է. իրավ որ շատ գեղեցիկ է, բայց քանիսո՞վ գնեցիր:
— Քսան և հինգ մանեթով:
— Քսան և հի՛նգ. այդքան թա՞նկ:
— Մի՞թե թանկ է, մայրիկ. ընդհակառակը, շատ աժան է:
— Իհարկե, մեզ համար թանկ է: Ի՞նչ է մեր աշխատանքը, որ քսան ու հինգ մանեթանոց շորը մեզ համար թանկ չերևա:
— Ա՛խ, մայրիկ, ճշմարիտ, որ դու մոռացել ես Սոմարյանցի տան անցքը: Ախր չէ՞ որ մենք այժմ հարուստ ենք, չէ որ 4500 ռուբլուց ավելի փող կա հավաքած մեր անունով:
— Ո՞վ գիտի, որդի, այդ փողը մեզ կտա՞ ն, թե՞ ոչ:
— Է՛հ, մայրիկ, դու միշտ միևնույնն ես կրկնում: Չէ որ քեզ հարյուր անգամ ասացի, թե այդ մարդիկը խաբեբաներ չեն: Ախար ինչու՞ համար ես կասկածում նրանց վերա: Դու խո անձամբ նրանց չես ճանաչում, նրանց վերա մի վատ բան լսած չունիս:
— Ես ինքս չգիտեմ, որդի, թե ինչու համար եմ կասկածում, միայն թե սիրտս վկայում է, որ այդ մարդիկը մեզ դժբախտացնելու են. պետք է, որ դու չհեռանայիր Գուստավից:
— Ա՛խ, մայրիկ, միշտ վատ բաներ ես մտածում: Ուրեմն աշխարհքի մեջ ոչ ոքի չպետք է հավատալ, քանի որ Սոմարյանցի տան մեջ գտնվող պատվելի և զարգացած հյուրերն էլ խաբեբաներ են եղել: Եվ վերջապես, նրանք ինչ շահ ունեին ինձ խաբելուց, ո՞վ էր նրանց ստիպում ինձ համար այդ տեսակ խոստմունքներ անել փողեր ստորագրել, ոչինչ չեմ հասկանում: Սխալվում ես, շատ ես սխալվում, մայրիկ:
Թամարը ոչինչ չպատասխանեց, նա գնաց ընթրիք պատրաստելու:
Առավոտյան շատ վաղ էր զարթել Գևորգը: Պետք է, որքան կարելի էր, շենք ու շնորհքով պատրաստվեր նա յուր բարերարներին այցելելու համար: Այդ պատճառով և ջուր ու սապոն չխնայեց: Առաջին անգամ նա յուր կյանքում սապոնով երեսը լվացավ: Այդ բանը մի քանի օր առաջ նա դարձյալ կանացիություն կանվաներ, բայց այժմ հանգամանքները փոխվել էին, չէր կարելի նրանց չհարմարվել:
Նոր հագուստներն այս առավոտ ավելի գեղեցիկ էին:
— Ոչինչ, պակասություն չեմ բերիլ իմ բարերարներին, եթե այս պատրաստությամբ այցելեմ նրանց, — խոսեց ինքն իրեն Գևորգը, իրենց կոտրած հայելիի մեջ յուր պատկերը տեսնելուց հետո:
— Դու արդեն պատրաստվել ես և գնո՞ւմ ես, — հարցրեց որդուն Թամարը եկեղեցուց դառնալով:
— Այո՛, գնում եմ. բարեմաղթություն արա ինձ համար, որ գործս հաջող լինի:
— Ես արդեն շատ եմ աղոթել, որդիս, գնա՛, աստված քեզ հետ:
Փողոց դուրս գալով, Գևորգը մտածում էր, թե առաջ ո՞ւմ մոտ պետք է գնար:
«Բժիշկն ինձ ասաց, որ գնամ. պարոն Տանպետյանցի մոտ, բայց ավելի լավ է առաջ բժշկի մոտ գնամ և թող նա յուր այն երեկոյան պատվերը կրկնե», — վերջապես վճռեց Գևորգը և բռնեց բժշկի տան ճանապարհը:
Կես ժամից ետ նա նրա մուտքի մոտ էր:
Երեք անգամ հնչակ քաշելուց հետո միայն ծառան երևեցավ:
— Ո՞ւմն եք կամենում, պարոն:
— Պարոն բժշկին, տա՞նն է նա:
— Տանն է, բայց այսպես վաղ չէ կարելի նրան անհանգստացնել, նա քնած է:
— Ո՞ր ժամին կարող եմ տեսնել:
— Տասին, — պատասխանեց ծառան և շտապով դուռը փակեց:
«Ուրեմն, մինչև որ սա կզարթնի, ես կերթամ Տանպետյանցին տեսնելու. նա անշուշտ զարթած կլինի», — խոսեց ինքն իրեն Գևորգը և ուղղվեցավ դեպի Տանպետյանցի տունը:
Մի քառորդ ժամից նա այնտեղ էր:
— Ո՞ւմն եք կամենում, — հնչակը մի թեթև քաշելուց երևեցավ Տանպետյանցի ծառան՝ այս հարցով:
— Պարոն Տանպետյանցին կարելի՞ է տեսնել:
— Ո՛չ նա դեռ քնած է, — եղավ ծառայի պատասխանը և դուռը դարձյալ կողպվեցավ:
«Դարձյա՞լ քնած: Հաջողությամբ չէ սկսվում գործս, մտածեց Գևորգը, բայց գուցե հաջողությամբ կվերջանա: Տեսնենք»:
Այս հուսատու խորհրդածությամբ հեռացավ նա Տանպետյանցի տնից և մտավ քաղաքային այգին, որ մոտ էր, որպեսզի մի փոքր ժամանակ այնտեղ զբոսնե, մինչև որ յուր հարուստ բարերարները կզարթնեին:
Մի ժամից հետո տասը լրացավ: Գևորգը դարձյալ բռնեց բժշկի տան երկար ճանապարհը: Կես ժամից հետո նա դարձյալ նրա մուտքի մոտ էր:
— Այս անգամ պատրաստ է, կարող եք տեսնել նրան, — պատասխանեց բժշկի ծառան Գևորգի «զարթե՞լ է բժիշկը հարցին:
Երբ ծառան հայտնեց յուր տիրոջն այցելողի մասին, պարոն Դուդուկջյանն առաջին անգամ կարծեց, որ երեք ռուբլ բերող մի հիվանդ է նա, ուստի շատ քաղցր և ամոք արտահայտություն տվավ դեմքին ընդունարանը մտնելու ժամանակ, բայց երբ այդտեղ մեր երգիչ Գևորգին տեսավ, յուր բնական մթին կերպարանքն առավ:
— Ի՞նչ եք հրամայում, — դարձավ նա Գևորգին:
— Ես եկի հիշեցնելու ձեզ այն երեկոյան ձեր ինձ արած պատվերի մասին, — ակնածությամբ պատասխանեց Գևորգը:
— Ի՞նչ պատվեր, ես լավ չեմ հիշում, — հարցրեց բժիշկն աչքի մեկը խփելով և ծնոտը դեպի պատուհանը ծռելով:
— Դուք պարոն Սոմարյանցի տանը ինձ պատվիրեցիք, որ իմ պաշտոնը թողնեի Գուստավի գործարանում, և իսկույն գնայի պարոն Տանպետյանցի մոտ, որը պետք է, հոգար ինձ Պետերբուրգ ղրկելու համար:
— Այո, հիշում եմք դուք այն երեկոյան երգում էիք մեզ մոտ: Եվ դուք արդեն թողե՞լ եք ձեր պաշտոնը, — ավելացրավ բժիշկը:
— Այո՛, պարոն բժիշկ, ձեր պատվերի համաձայն հենց երեկ թողեցի:
— Ի՞նչ եք ասում, — կես զարմացած գոչեց Դուդուկջյանը:
— Այո՛, դուք այնպես պատվիրեցիք և ես չկամեցա ճշտիվ չկատարել ձեր պատվերը:
— Չեմ կարծում, թե ես այդպես բան լինիմ պատվիրած: Այսուամենայնիվ, այդպես շուտ ձեր պաշտոնը թողելնիդ անխոհեմություն է:
— Բայց ես ձեր պատվերը կատարեցի:
— Այդ միևնույն է, բայց ինչ որ է, անցել է:
— Այժմ ի՞նչ եք հրամայում, որ ես անեմ, պարոն բժիշկ, — հարցրեց Գևորգը մի փոքր վրդովված:
— Դուք պետք է գնաք պարոն Տանպետյանցի մոտ: Ստորագրության թուղթը նրա մոտ է, նա պետք է փողերը հավաքե և հարկավոր հոգացողությունը անե ձեզ համար: Ինչ որ ինձ է վերաբերում, ես արդեն արել եմ, և կարծեմ բավական մեծ բան եմ արել ձեզ համար:
Следующая страница |